Երբեք չեն սպառվի գաղափարները՝ ինչպես լցնել սեփական պահեստները, պետությունները պարբերաբար հարկել են մեզը, մորուքը, ծխնելույզը, պատուհանները ու նույնիսկ չինացիներին՝ գրում է Ամանդա Կաստիլոն Le Temps-ում: Եթե կան գործունեության ոլորտներ, որտեղ պետության հնարամտությունը պատմության ընթացքում աչքի է ընկել հատուկ անսանձությամբ և ծայրահեղությամբ, առաջինը հարկահանությունն է: Լատինական հին ասացվածքը՝ «Pecunia non olet» - «Փողից հոտ չի գալիս», ասվածի ապացույցն է: Հիշեցնեմ, որ այդպես պատասխանեց կայսր Վեսպասիանը իր որդի Տիտոսին, երբ նա հորը մեղադրեց մեզը հարկելու համար, որ օգտագործվում էր գործվածքը մշակելու, լվացքի ու դեղագործության մեջ:
Մորուքի հարկ
Հենրիխ VIII-ը, որ միշտ փողի որոնումների մեջ էր, որոշեց հարկ սահմանել մորուքի համար 1535-ից: Նրա դուստր Ելիզավետա Թյուդորը զարգացրեց գաղափարը և հարկ սահմանեց երկու շաբաթից ավելի չսափրված մորուքի համար: Ռուսաստանում Պետրոս Մեծը մորուքի հարկ սահմանեց XVII դարի վերջին: Մորուքավորները գնում էին պղնձե ժետոն, որ ծառայում էր մորուքի հարկի վճարման ստացական, ռուսները ժետոնն անվանում էին «մորուքավոր նշան»: Պատմությունը լռում է՝ հարկը վերաբերո՞ւմ էր մորուքավոր կանանց, թե՞ նրանք ազատվում էին բժշկական տեղեկանքով:
Ծխնելույզի ու պատուհանների հարկ
Անգլիայում ծխնելույզները հարկվում էին 1660-ից, պատուհանները՝ 1696-ից: Իբրև ապացույց, որ հարկերը նպաստում են կրեատիվ մտածողությանը, բնակիչները ի պատասխան chimney tax-ի սկսեցին կառուցել կեղծ պատեր, որոնք թաքցնում էին ծխնելույզները: Ի պատասխան window tax-ի շատ պատուհաններ քարերով փակվեցին: Օդի ու լույսի հարկը իջեցրեց հիգիենայի մակարդակը և բազմացրեց հիվանդությունները (մասնավորապես, տարածվեց թոքախտը):
Կեղծամների հարկ
Դարձյալ Բրիտանիան հնարեց հանճարեղ գաղափար՝ հարկել կեղծամների բուրումնավետ փոշին: Հարկից ազատված էր արքայական ընտանիքն ու շքախումբը: Այդ հարկը, որ սահմանվել էր 1795-ին, դանդաղ, բայց նպաստեց մոդայի կանոնների փոփոխությանը:
Չինացիների հարկ
1885-ին, օգտվելու համար չինացիների ներհոսքից, որ երկաթուղի, ջրանցքներ ու ջրամբարտակներ էին կառուցում, Կանադան հարկ սահմանեց իր տարածքում գտնվող չինացիների համար: Հարկի հետևանքով չինացիները Կանադայում պակասեցին և հարկը հանվեց 1923-ին:
Կոշտ մեթոդներ
Հարկատուներին վախեցնելու և հարկերի վճարումից խուսափումները կանխելու համար պետությունները հնարում էին տարատեսակ առավել կամ պակաս կոշտ մեթոդներ: Դիոկլետիանոս կայսրը բոլոր քաղաքացիների հարկային հայտարարագրերը դարձրեց հրապարակային, որ յուրաքանչյուրը տեսնի՝ որքան է վճարում հարևանը, և անհրաժեշտության դեպքում տեղ հասցնի թերավճարումների տեղեկությունը: Նա ստեղծեց և հատուկ հարվածային ուժեր, որ ուսումնասիրեն հարկերից խուսափելու դեպքերը և պատժեն՝ կտտանքների և հոգեբանական ճնշման մեթոդներով:
Իսկ Շվեյցարիա՞ն
Մեր օրերում Շվեյցարիայում գերակայությունը տալիս են փափուկ մեթոդներին: Շվեյցարիայի Համադաշնությունը 2010-ին օրենք է ընդունել, որը խրախուսում է հարկատուի նախաձեռնությունը՝ տեղեկացնել չհայտարարագրված եկամուտների մասին: Հարկատուն կարող է վճարել վերջին տասը տարիների հարկերը, օրենքով սահմանված կարգով՝ առանց տուգանքների և քրեական հետապնդման:
Լավ հովիվը խուզում է հորթերին, ոչ թե քերթում նրանց մորթին
Հարկերի հարցում շատ կառավարություններ վերադարձել են Տիբերիոս կայսեր իմաստնությանը՝ երբ Հռոմեական կայսրության տեղական կառավարիչները նրան խնդրեցին հարկերն ու տուրքերը բարձրացնել, կայսրը պատասխանեց. «Լավ հովիվը խուզում է հորթերին, ոչ թե քերթում նրանց մորթին»:
Արևայրուքի հարկ Գերմանիայում
Էսսենում (Գերմանիա) քաղաքի իշխանությունները որոշեցին 2010-ի սեպտեմբերին հարված հասցնել սոլյարիների սեփականատերերին և արևայրուքի հարկ սահմանեցին՝ ամիսը 20 եվրո ամեն սարքի համար:
Կրեատիվության չեմպիոն
Կրեատիվության առաջնության դափնին, անկասկած, պետք է տալ Թյուրինգիայում (Գերմանիա) գտնվող Նիդերցիմերն քաղաքին, որի քաղաքապետը բնակիչներին 50 եվրոյով վաճառում է ճանապարհի փոսերը: Գնորդների անունները ազատ տեքստով հուշատախտակով փակցվում են քաղաքացիների փողերով նորոգված փոսերին: ՈՒ ի՞նչ եք կարծում: 257 փոս արդեն վաճառվել է:
Ամանդա ԿԱՍՏԻԼՈ, Le Temps
Հ.Գ. Հիմա էլ կնվնվա՞ք Հայաստանի Հանրապետության հարկերից, ուզում եք՝ մորուք եք պահում, չեք ուզում՝ չեք պահում, երբ ուզում եք՝ միզում եք, ծխնելույզի ու պատուհանի հարկ չեք վճարում, ոչ էլ դիմափոշու, որքան ուզեք՝ արևի տակ կարող եք այրվել, չինացիները որքան ուզեն, կարող են Հայաստանում անհարկ բազմանալ, պարզվում է՝ Հայաստանը հարկային դրախտ է՝ հետո ինչ, որ օդի հարկ եք վճարում ինքնաթիռի տոմսի հետ, գունավոր գծերի ու կայանատեղիների հարկ եք վճարում, ամրագոտիների, բջջայինով ղեկին խոսելու, մեքենա վարելիս ծխելու ու չեմ հիշում էլ ինչի համար:
Հատկապես տրանսպորտի նախարարի ուշադրությունն եմ հրավիրում կրեատիվ հարկի վրա՝ գերմանացիները հանճարեղ են մտածել, Հայաստանում էլ սեփական ցուցատախտակով փոսերը փակելու գաղափարը միլիոնի վրա կաշխատի: Եթե ամեն օլիգարխ մի կիլոմետր սեփական գովազդ պատվիրի, ճանապարհները նորոգելու պետական վարկեր չեն վերցվի: Իսկ վարչապետի ուշադրությունը հրավիրում եմ Շվեյցարիայի հանճարեղ փորձի վրա՝ չհայտարարագրված եկամուտների հարկերը վճարել օրենքով սահմանված կարգով՝ առանց տուգանքների և քրեական հետապնդման և պարտադիր ուսումնասիրել Տիբերիոս կայսեր կյանքը՝ «Լավ հովիվը խուզում է հորթերին, ոչ թե քերթում նրանց մորթին»։ Հռոմը պատմության սկիզբն էր, որ վերջ չունի:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ